Սևանի մակարդակը ջրառից առաջ կբարձրանա 45 սմ, իսկ տարեվերջին այն 5-10 սմ ավել կլինի. Ցոլակյան
Այս տարի ապրիլ-մայիսին տեղումների քանակը ավել է լինելու, իսկ հունիսին՝ նորմայի սահմաններում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Գետերի հետ կապված ելքերը մեծանալու են: Անցյալ տարի գետերից ելքը եղել է 60-80 տոկոս, իսկ հիմա մոտ 90-120 տոկոս է, այսինքն ջրառատ կլինեն, թեեւ միայն երեք-չորս օր առաջ կարող են ասե՝ կլինի վարարում կլինի, թե ոչ:
Սեւանա լիճն այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, բայց դա նորմալ երեւույթ է: Պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, եւ հալք է եղել, իսկ այս տարի հետո է լինելու: Սեւանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձանա ջրառից առաջ՝ մինչեւ հունիս»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը:
Վարչապետին զարմացրեց այս տեղեկությունը, նա կրկնեց, թե արդյոք երկու ամսվա մեջ ջրի մակարդակը 45 սմ կարող է բարձրանալ եւ ստացավ նույն պատասխանը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց. «Տարվա վերջին Սեւանա լճի մակարդակը՝ 5-10 սմ ավելի կլինի»:
Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին` նա նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն: «2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաեւ ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով, այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այդուհանդերձ, ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի:
Ամփոփելով` վարչապետ Փաշինյանը նկատեց, որ այս տարի մեր գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ տարի է սպասվում եւ ավելացրեց, որ կառավարության օրակարգը հագեցած է գյուղատնտեսական գործունեությունը խթանող նախագծերով:
Տարածային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ երեկ ներկա է գտնվել Կեչուտի եւ Արփա-Սեւան թունելի միջով ջրի տեղափոխման աշխատանքի մեկնարկին, ինչը թույլ կտա տասն օրվա ընթացքում համապատասխան ջրի առկայության պարագայում մեկ սանտիմետրով բարձրացնել Սեւանի մակարդակը, սակայն, ըստ նրա, այդքան ջուր չեն ունենա: