«Ժառանգություն» կուսակցությունը վարչության նոր նախագահ կունենա (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ, որ վարչությունն, ըստ էության, 65-70 տոկոսով կփոխվի, և հետո, ընտրված այդ վարչությունն այսօր, այս երեկոյան, հավանաբար, իր առաջին նիստը կգումարի: Այնտեղ արդեն նախագահ, փոխնախագահ, խոսնակ և այլն` կորոշվեն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ կլինի, իսկ ինքն իր գործունեությունը կշարունակի որպես խորհրդի համանախագահ և որպես կուսակցության շարքային անդամ։
«Այո՛, ես անգամ վարչության թեկնածու չեմ»,- հայտարարել է նա:
Նա նաև հայտնել է, որ Արմեն Մարտիրոսյանը, ով ներկայում մասնավոր այցով Հայաստանից դուրս է գտնվում, նույնպես չի ցանկացել թեկնածություն ներկայացնել կուսակցության վարչակազմում:
«Չեմ ուզում մտածել, որ ինքը թավշյա հեղափոխության զոհերից մեկն է, որը չգնահատվեց, բայց ես վստահ եմ, որ ինքը կվերադառնա: Բայց ինքն էլ իմ նման կշարունակի ծառայությունը որպես քաղաքացի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: