«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». նոր մանրամասներ սուպերմակետում կատարված դաժան սպանության գործով
1in.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Սերգեյ Վարդանյանի գործի դատական քննությունը:
51-ամյա Սերգեյ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ մշտական աշխատանք չունենալով՝ Սերգեյ Վարդանյանը երևանյան տարբեր շուկաներում զբաղվել է կոշիկի ներդիրների վաճառով:
2017 թվականի դեկտեմբերի կեսերին՝ դեպքից մոտ երկու շաբաթ առաջ, Սերգեյ Վարդանյանը կոշիկի ներդիրներ վաճառելու նպատակով գնացել է Նորքի 1-ին զանգվածում՝ Սաֆարյան 14 հասցեում գործող շուկա, որի 1-ին հարկում գտնվող առևտրի տաղավարներից մեկում Ջուլիետա Ա.-ին խնդրել է կշռել իր մոտ եղած ապրանքը: Ջուլիետա Ա.-ն մերժել է՝ ասելով, թե կշեռքն անսարք է: Սերգեյ Վարդանյանին չի համոզել այդ պատճառաբանությունը, նա վիճաբանության մեջ է մտել Ջուլիետայի ամուսնու՝ գործով տուժող Լևոն Ա.-ի հետ:
Ըստ մեղադրանքի՝ վիճաբանությունը թեժացել է, կողմերը միմյանց հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել, շուկայի աշխատողը Սերգեյ Վարդանյանին դուրս է բերել շուկայից:
Վիճաբանության ժամանակ հնչած հայհոյանքներից վիրավորված ու զայրացած՝ Սերգեյ Վարդանյանը որոշել է վրեժխնդիր լինել իրեն անծանոթ մարդուց: Նա խանութից 900 դրամով գնել է շեղբի մոտ 20 սմ երկարություն ունեցող խոհանոցային դանակ և դեկտեմբերի 22-ին, ժամը 11-ի սահմաններում Լևոն Ա.-ին սպանելու դիտավորությամբ գնացել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող հիշյալ շուկա:
Մտնելով առաջին հարկ՝ Սերգեյ Վարդանյանն անմիջապես նկատել է, որ Լևոն Ա.-ն նստած է իր տաղավարի դիմաց դրված աթոռին: Սերգեյը չի մոտեցել Լևոնին, գնացել է շուկայի վերջնամաս՝ սուրճի վաճառքի տաղավար, սուրճ է խմել, ծխել է, ապա ժամը 11-ն անց 30-ի սահմաններում մոտեցել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, իր ձեռքին եղած կտորե սպիտակ պայուսակից հանել է դանակը ու հարվածել է Լևոնի պարանոցին:
Հանկարծակիի եկած Լևոնը ցանկացել է ոտքի կանգնել, Սերգեյը շարունակել է դանակով հարվածներ հասցնել նրան, ապա հեռացել է: Ստացած վնասվածքներից, ներքին օրգանների վնասումից, արյունահոսությունից Լևոն Ա.-ն ընկել է շոկային վիճակի մեջ ու տեղում մահացել է:
Սերգեյ Վարդանյանը քաղաքացիություն չունի, աշխատանք չի ունեցել, ամուսնացած չէ: Նրա անձնագիրը դեռ «սովետի ժամանակների» անձնագիր է, նա ՀՀ քաղաքացու անձնագիր չունի:
«Չնչին կարող ա ներվային լինեմ»,- իր առողջական վիճակի վերաբերյալ հարցին պատասխանել է Սերգեյ Վարդանյանը: