ԱԺ-ում մաքրություն անող ընկերության ո՛չ տիրոջը, ո՛չ տնօրենին չեմ ճանաչում. Ալեն Սիմոնյանը հերքել է իր կապը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է տեղեկությունը, թե խորհրդարանի մաքրությունն անող կազմակերպությունը պատկանում է իր ընկերոջը:
Հիշեցնենք, որ այսօր «Փաստ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ալեն Սիմոնյանի ընկերոջը պատկանող ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: Թերթը նշել էր, որ հենց այդ պատճառով էլ բողոքի ակցիա անող մաքրուհիների հետ բանակցում էր Ալեն Սիմոնյանը:
Այս առնչությամբ, Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Այսօր «Փաստ» թերթն իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ, կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա:
Հիմա փաստ. Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել»: