2019 թվականի բյուջեի եկամուտները ներկայացվածից 40 մլրդ դրամով ավելի կլինեն․ Փաշինյան
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության կատարողականը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքը՝ սկսելով 2019 թվականի ամենաթարմ նորություններից։
«Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ` համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է։ Այսինքն` պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է Ազգային ժողովի ընդունած բյուջեով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ սա աննախադեպ երևույթ է առնվազն վերջին 9 տարվա համար, քանի որ նախկինում չի եղել այնպես, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն։