Բազմիցս ենթարկվել եմ ճնշումների. Հովհաննես Հովհաննիսյանը` բուհական ճնշումների մասին
ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի:
«Ես չէի ուզենա մեկնաբանել վարչապետի խոսքը, ես կասեմ իմ կարծիքը: Դա մեկ բուհին չի վերաբերում, վարչապետը ևս նշեց, որ դա բուհական համակարգին է վերաբերում: Դա վերաբերում է թե´ կրթության որակին, թե´ կրթական միջավայրին, թե´ տարիներ շարունակ գործող արատավոր պրակտիկաներին, որոնք բուհի ներսում գործել են, և թող որևէ մեկը չփորձի ինձ հակառակն ապացուցել, որովհետև ինքս բազմիցս ենթարկվել եմ նմանատիպ ճնշումների»,- ասել է Հովհաննիսյանը:
Հստակեցնող հարցին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Հովհաննիսյանն արձագանքել է.
«Այն ճնշումներին, երբ ինչ-որ մի հարցազրույց կամ որևէ հոդված, երբ քննադատական միտք էր հնչում իշխանությունների հասցեին, միանգամից արդեն համապատասխան տեղերից զանգ էր գալիս արդեն բուհական ներքին օղակներ և նրանք խնդրում էին ամեն անգամ չանել դա, հարցազրույց չտալ, չքննադատել իշխանություններին: Ես ամեն անգամ չեմ ենթարկվել, և ամեն անգամ էդ զրույցները տեղի են ունեցել: Երբ ասում են` չի եղել նման բան, նման բան եղել է, և ես դրա ականատեսն ու վկան եմ»,- արձագանքել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամենից երկար աշխատել է ԵՊՀ-ում և նման խնդիրների առջև կանգնել է նաև Մայր բուհում: