Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում
Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում: Պահանջում են իրենց համար սահմանել նվազագույն աշխատավարձ: Նրանց խնդրին դեռևս լուծում չի տրվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն, բայց, միաժամանակ, կազմակերպությունը պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։
Մաքրուհիները, սակայն, դեմ են դրան՝ պնդելով, որ պայմանագրի պայմաններն իրենց հետ չեն քննարկել: Նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գալու։