Մարինա Խաչատրյանն ու Հայկ Այվազյանը «Գարդասիլի» հարցով դիմել են ԱԱԾ
«Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը եւ ՀՀ քաղաքացի, ծնող Հայկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Խնդիրը վերաբերում է պապիլոմա վիրուսի դեմ կիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութին, որը կիրառվում է պապիլոմա վիրուսով պայմանավորված քաղցկեղի առաջացումը կանխարգելելու նպատակով:
Առողջապահության նախարարի հունվարի 29-ի 194-Ա հրամանով ընդլայնվել է պատվաստումների ընդգրկման տարիքային սահմանը: Եթե մինչեւ այդ պատվաստման ենթակա էին 13 տարեկան աղջիկները, ապա նշված հրամանով նախատեսվել է, որ կարող են պատվաստվել նաեւ 14-45 տարեկան անձինք՝ թե՛ կանայք եւ թե՛ տղամարդիկ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ նախարարի հրամանը գաղտնի է պահվել եւ չի հրապարակվել գերատեսչության կայքում, չնայած միեւնույն ժամանակ ասել է, որ նախարարությունը չի ժխտել ու հաստատել է դրա գոյությունը:
Անդրադառնալով պատվաստվողների տարիքային սահմանի ընդլայնմանը՝ նա նշել է. «Բայց այստեղ գալիս է հաջորդ խնդիրը: Երբ որ մենք մտնում ենք FDA-ի (ԱՄՆ պարենի եւ դեղամիջոցների գործակալության) կայք, ապա մենք տեսնում ենք, որ այդ տարիքի ավելացումը վերաբերում է «Գարդասիլ-9»-ին, իսկ «Գարդասիլ-4» պատվաստանյութի համար տարիքային սահմանափակումը մնում է 9-26 տարեկան: Հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք 27-45 տարեկան անձանց պատվաստումը, եթե դա հակասում է ե՛ւ դեղի ներդիր թերթիկին՝ ընդհանուր բնութագրին, եւ FDA-ի պահանջներին»: Բանախոսը նկատել է, որ պատվաստանյութը չի նախատեսված քաղցկեղի բուժման համար եւ այլն: