Համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քրգործով մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին. մանրամասներ
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին եւ տիրացել դրանում պահվող կայքերից մեկին:
Քննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչը, նախկինում հանդիսացել է նույն ՍՊ ընկերության աշխատակից, որտեղից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 05-ին:
2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, չհանդիսանալով ՍՊ ընկերության աշխատակից՝ ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող կայքերից մեկի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կայքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: