Համապետական շաբաթօրյակը Շիրակի մարզում (լուսանկար)
36 միավոր տեխնիկա, քաղաքապետարանի 160 աշխատակից, ևս 200 սանմաքրման բանվոր: Այսպիսի կազմով էր համապետական շաբաթօրյակին միացել Գյումրիի քաղաքապետարանը: Մայր Հայաստան հուշահամալիրի և դրան հարակից փողոցները 4 առանձին խմբերի էին բաժանել ու տարածքից մաքրում էին կենցաղային աղբը, պոլիէթիլենային տոպրակներն ու չորացած տերևների մնացորդները:
Իսկ որպեսզի շաբաթօրյակի արդյունքն ավելի լավը լիներ, որոշել էին մրցել՝ Գյումրիի քաղաքապետն ու 2 փոխքաղաքապետերն իրենց վրա էին վերցրել մաքրող բրիգադների ղեկավարումը ու վերջում համեմատելու էին, թե ում տարածքն է ավելի մաքուր: Իսկ քաղաքի առանձին հատվածներում կենցաղային աղբի կուտակումներ կան, որոնք գոյացել են այն բնակիչների մեղքով, ովքեր զլանում են հասնել մինչև աղբարկղերը և աղբը թափում են որտեղ պատահի:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մաքրություն էր անում էր Ջարդի ձորի տարածքում։ Մարզպետը և վարչությունների պետերն ու աշխատակիցները պարկերով շրջում էին ձորամերձ հատվածներում, հավաքում տարածված աղբն ու կուտակում բեռնատար ավտոմեքենայում։ Մարզպետարանի խմբին միացել էր նաև Մարմաշեն խոշորացված համայնքի աշխատակազմը: Նրանք էլ մաքրում էին Ջարդի ձորի հարակից տարածքում խնջույքների համար նախատեսված տաղավարները։ Մարզպետարանի աշխատակազմը հավաքել է նաև ճամփեզրին նետված շշերն ու այլ առարկաները։