Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլ անել
ԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խորհրդարանում աշխատող
մաքրուհիները, պատճառն աշխատավարձի կրճատումն է: Բանն այն է, որ ԱԺ
աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է
ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման
պարտավորությունը:
Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում
աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիներին աշխատավարձը
կնվազի՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար
դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն, բայց, միաժամանակ, կազմակերպությունը
պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները
օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։
Մաքրուհիները, սակայն, դեմ են դրան՝ պնդելով, որ պայմանագրի պայմաններն
իրենց հետ չեն քննարկել: Նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի
չեն գալու։
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն է հանդիպել նրանց հետ և զրուցել:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, որ կա մեկ այլ
կազմակերպություն, որը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձերով նույն
ծառայությունը մատուցել։
«Բոլորի պայմանագրերը լրացած է, ԱԺ աշխատակազմը կարող է
չվերակնքել, սակայն պայման է դրել կազմակերպության դեմ, որ այդ մարդկանց
աշխատանքների մեջ ևս ներառեն»,- ասել է Ալեն Սիմոնյանը։