Porsche-ն պարգևատրում է աշխատակիցներին մոտ 10 հազար եվրոյով
Գերմանական Porsche ավտոարտադրողը, որը Volkswagen կոնցեռնի դուստր ընկերությունն է, Գերմանիայում իր աշխատակիցներին կպարգեւատրի նրանց «բացառիկ գործունեության» համար։ 25 հազարից յուրաքանչյուրը կստանա 9700 եվրո բրուտտո, որից 700 եվրոն կուղղվի կենսաթոշակային հատկացումներին, տեղեկացնում է DW-ն։
Պարգեւատրման չափը, որը կփոխանցվի ապրիլի աշխատավարձի հետ միասին, կախված չէ աշխատակցի պաշտոնից։ Հենց այդպես է Porsche-ն հասկանում հավասար հնարավորությունները, ընդգծել են ընկերությունում։ Մեկ տարի առաջ հավելավճարները կազմել են 9656 եվրո։
2018 ֆինանսական տարում Porsche-ն 4 տոկոսով ավելացրել է ավտոմեքենաների մատակարարումները՝ 265255 մեքենա։ Գերմանական ավտոարտադրողի հասույթը աճել է 10 տոկոսով՝ կազմելով 25,8 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթն ավելացել է 4 տոկոսով՝ կազմելով 4,3 մլրդ եվրո։ «Մենք հպարտանում ենք մեր աշխատակիցներով»,- ասել է Porsche-ի ղեկավար Օլիվեր Բլումեն (Oliver Blume)՝ առանձնապես նշելով նրանց ջանասիրությունն աշխատանքում։