Նիդեռլանդներում տեղի ունեցած հարձակման հեղինակը թուրք է
Այսօր՝ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հեղինակը ազգությամբ թուրք է: Այս մասին հաղորդել է հոլանդական ոստիկանությունը: Նշվում է, որ ոստիկանությունը տարածել է 37-ամյա ազգությամբ թուրք Գյոքմեն Թանըշի լուսանկարը և քաղաքացիներին զգուշացրել է նրան նկատելու դեպքում չմոտենալ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայի կանգառներից մեկի շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա մեկ զոհ, 6 վիրավոր: Ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցած հրաձգությունը մեծ հավանականությամբ ահաբեկչական հարձակում է եղել: Հարձակվողը փախուստի է դիմել դեպքի վայրից:
Ուտրեխտ քաղաքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում։ Ուշադրության կենտրոնում են հատկապես դպրոցները, օդանավակայաններն ու այլ ենթակառուցվածքները։