Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք և հանդիպել այդ տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երևանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների և սրճարանի սեփականատերերի միջև, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։
Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու և ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով դադարեցնում էր։ «Ժազվե» սրճարանի ապամոնտաժման փորձի ժաքմանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և սրճարանի աշխատակիցների միջև։ Այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են