Կառավարությունը կֆինանսավորի դեկտեմբերի 9-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած ուժերին
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին» նախագիծը: Այս նպատակով ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2019 թ. կտրվի 5 մլն 208 հազար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին 78 մլն 6 հազար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 մլն 303 հազար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն 56 հազար դրամ:
ՀՀ կառավարության վերը նշված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների ըստ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բաշխման ապահովմամբ: