Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը հատկապես խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ և թատրոնի նախկին տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի դեմ։TASS-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։
Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը հունվարի վերջին ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցել։ Գործի շրջանակներում արդեն կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, գործով անցնող հիմնական անձը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։
Քննչական մամիններից ՏԱՍՍ-ը դեռ չի ստացել պաշտոնական մեկնաբանություն։ Ջիգարխանյանի պաշտպանները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
Ավելի վաղ իրավապահները երկու անգամ հրաժարվել էին այդ հոդվածով գործ հարուցել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այդ հոդվածով պատիժը նախատեսում է ազատազրկում 10 տարով։
Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել էին 2016 թվականին, սակայն 2017-ից նրանց հարաբերությունները լարվել էին և նրանք պաշտոնապես ամուսնալուծվել էին։
Հիշեցնենք, որ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման հոդվածով. թատրոնում Ջիգարխանյանի սենյակում հայտնաբերվել էին թաքնված տեսախցիկ։ Նա դատապարտել է 200 ժամվա հարկադիր աշխատանքի, բացի այդ, նա Արմեն Ջիգարխանյանին պետք է 200 հազար ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։