Վրասատնի ԱԱԾ-ն նշել է երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիքները
Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ռազմավարությանը: Փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության գլխավորած հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ռազմավարությունը ներառում է յոթ հիմնական ոլորտ՝ ահաբեկչության հետ կապված տեղեկության հավաքագրում, կանխարգելում, պաշտպանություն, պատրաստվածություն, հետապնդում, իրավական կարգավորում և միջազգային համագործակցության հետ կապված տեղեկատվության հավաքագրում:
«Ռազմավարության ընդհանուր նպատակը Վրաստանի պետական տեսլականն է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև՝ սահմանել պետության, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համատեղ գործողությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից, ծայրահեղական խմբավորումներից ծագող սպառնալիքների հաղթահարման համար»,- ասվում է փաստաթղթում:
Ռազմավարության համաձայն՝ Վրաստանում ահաբեկչական կազմակերպության կողմից առաջացած հիմնական սպառնալիքը կապված է ծայրահեղականներին միացած իր երկրի քաղաքացիների հետ, որոնք հեռացել են երկրից ու ԻՊ-ի շարքերում պայքարում են Սիրիայում կամ Իրաքում, սակայն համապատասխան հրամանի դեպքում կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել նաև իրենց ծննդավայրւոմ, այդ թվում՝ երկրում ծպտյալ ահաբեկիչները:
Վրաստանի համար մարտահրավեր ու սպառնալիք են ներկայացնում նաև «Ալ-Քաիդան» և «Թալիբան»-ը: Առաջինն այն առումով , որ ԻՊ կամ անդամ համերկրացիները կարող են միանալ «Ալ-Քաիդա»-ին և լուրջ սպառնալիք ներկայացնել: Ինչ վերաբերում է «Թալիբան» ահաբեկչական խմբավորմանը, ապա այն լուրջ մարտահրավեր է ներկայացնում Աֆղանստանում ծառայող վրացի խաղաղապահների համար: Ըստ Վրաստանի ԱԱԾ-ի՝ այդ երկրում ահաբեկիչների հարձակումից զոհվել են տասնյակ, վիրավորվել՝ հարյուրավոր վրացի խաղաղապահներ:
Տարածաշրջանի առումով, Վրաստանը ահաբեկչական հարձակումների մեծ վտանգի տակ գտնվող երկրների շարքում չէ, սակայն երկրի կայունությունը կախված է Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում և հատկապես Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակից: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ծրագրում: