Սևանում սիգի պաշարի գիտական վերագնահատումից հետո կքննարկվի ձկնորսության թույլտվության հարցը
Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այլ պաշտոնյաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ քննարկվել են դեկտեմբերի 20-ից մեկնարկած Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրները:
Թեեւ նշված կառույցներն արդեն տեւական ժամանակ է պայքար են մղում ձկնատեսակի որսի, տեղափոխման ու վաճառքի դեմ, սակայն դեռ կան էական բացթողումներ:
Կողմերը կարեւորեցին համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումներին նոր թափ հաղորդելու եւ ծառայությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ հարցեր:
Կառույցների ղեկավարները միակարծիք էին, որ Սեւանա լիճը մեր երկրի ազգային հարստությունն է, եւ իրականացվող միջոցառումներն ուղղված են ոչ միայն ձկնատեսակի պահպանմանը, այլեւ էկո եւ պարենային անվտանգության ապահովմանը:
Որոշվեց շարունակել Սեւանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու լողամիջոցների ու որսագործիքների մուտքը լիճ, ուժեղացնել ծառայությունը Սեւանա լճի հարակից տարածքում տեղակայված պահակետերում ու հայտնաբերել հանրապետության բնակավայրերում սիգի վաճառքի դեպքերը:
Միջոցառումներից եւ Սեւանա լճում սիգ ձկնատեսակի պաշարի գիտական վերագնահատումից հետո, ձկան բավարար քանակների հաստատման դեպքում, կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը: