2018թ. ընթացքում Վենեսուելայում գնաճը կազմել է գրեթե 2 մլն տոկոս
2018թ. ընթացքում Վենեսուելայում կուտակված տարեկան գնաճը կազմել է շուրջ 1.7 մլն տոկոս: Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ժողովի՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռաֆայել Գուսմանը, հաղորդում է Корреспондент-ը:
Ըստ Գուսմանի՝ այս ցուցանիշով Վենեսուելան դառնում է աշխարհի 3 երկրներից մեկը, որտեղ ինֆլյացիայի՝ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
«Դա այն մարդկանց աշխատանքի արդյունքն է, ովքեր ուզուրպացրել են իշխանությունը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ճգնաժամի հաղթահարման համար միջոցներ չեն առաջարկում»,- գրել է Գուսմանն իր թվիթերյան էջում:
Վենեսուելան ինֆլյացիայի մակարդակով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Երկրորդ տեղում է Սուդանը, երրորդում՝ Հյուսիսային Կորեան:
Վենեսուելայում արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է սուր տնտեսական ճգնաժամը, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ, դեղորայքի և պարենամթերքի սղությամբ և բնակչության արտագաղթով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկիրն արդեն լքել է 2.3 մլն մարդ: