Երևանում Հրդեհից տուժած 2 ընտանիք հրաժարվել է առաջարկված կացարանից
Երևանի Պռոշյան փողոցում հունվարի 3-ին տեղի ունեցած հրդեհից տուժած 3 ընտանիքներն էլ դեռ չեն օգտվել մեր առաջարկած օգնությունից․ այս մասին ասաց Երևանի Կենտրոնի վարչական համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
«Մի ընտանիքը հրաժարվեց օգնությունից, ասաց, որ աղջկա տանն է, մյուս ընտանիքը ևս հրաժարվել է, երրորդը պետք է պատասխանի վաղը չէ մյուս օրը։ Մենք «Առաքելություն Հայաստանի» կազմակերպության հետ նրանց առաջարկել ենք ժամանակավոր կացարան։
Մենք առաջարկել ենք նաև ֆինանսական օգնություն, որը մեր պարտականությունների մեջ չէր մտնում․ քաղաքապետը հանձնարարել է տուժած քաղաքացիներին օգնել, աջակցել։ Մենք մեզանից կախված ամեն ինչ արել ենք»,– ասաց Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ սպասում են բնակիչների արձագանքին։
Նա նշեց, որ դեռ հայտնի չեն փորձաքննության արդյունքները, թե ինչ պատճառով է հրդեհ բռնկվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին Ժամը 06:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի երկու տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:12-ին: