Սենատը Լինն Թրեյսիին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:
Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի ձեռքբերումներն ամրագրելու համար:
«Այս տարվա ապրիլին և մայիսին հարյուր հազարավոր հայեր խաղաղ ցույցի էին դուրս եկել՝ իրենց կառավարությանը հաշվետու դարձնելու համար։ Շատերի նման ես էլ սրտի թրթիռով էի հետևում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Սակայն Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու՝ վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար»,- ասել էր նա։
Խոսելով իր առաջիկա ծրագրերի ու գերակայությունների մասին՝ Լինն Թրեյսին խոստացել էր շարունակել իր նախորդի՝ դեսպան Ռիչարդ Միլզի առաքելությունը։
«Մեր քաղաքականության նպատակն է տեսնել անկախ, ժողովրդավար ու բարգավաճ Հայաստան, որը խաղաղության մեջ է հարևանների հետ և ինքնիշխան՝ իր գործընկերներին ազատորեն ընտրելու հարցում»: