Չեմ ուզում ջուրը չթռած հոպ անենք, բայց այս պահի դրությամբ իրականացման փուլում են մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. Փաշինյան
Չեմ ուզում ջուրը չթռած հոպ անենք, բայց այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման եւ իրականացման փուլում են մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր՝ հիմնականում արտադրության ոլորտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Երբ այն պայմանավորվածությունները, որոնք մենք այսօր արդեն ձեռք ենք բերել, նոր գործարանների կառուցման առումով, իրականություն դառնան, իսկ դրա հիմքերը կան, քանի որ հստակ պայմանավորվածություններ են, ներդրողների հետ հանդիպել եմ, զրուցել եմ, ձեռք-ձեռքի ենք տվել, խոստացել ենք իրար, երբ հաջորդ տարի այդ ծրագրերը բարեհաջող իրականանա, հենց մյուս տարի մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ կկատարի»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ մի քիչ վախեցած է այս մասին խոսում, որ «աչքով չտա»: «Խանդաղատանքով եմ վերաբերվում այդ նախագծերին: Խոսքը մի քանի գործարանների կառուցման մասին է: Գյուղատնտեսությունը նույնպես իր կերպարը պետք է փոխի Հայաստանում»,-ասաց նա: