Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով (տեսանյութ)
Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե՝ վարչապետի հայեցողությամբ:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ասաց, որ եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց, որ Կաթողիկոսի անվտանգության մասին եթե-ներով խոսելու հարկ չկա և օրինագծի ընդունումը կարևոր է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ևս համաձայնեց, որ եկեղեցին պաշտպանության կարիք ունի, մինչդեռ իրենք ձեռնպահ են քվեարկելու:
Պատգամավորների մի մասն էլ պնդեց, որ Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, և եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է:
«Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովորդի՞ց: Եթե կան տասնյակ մարդիկ, որ պետքա ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Միանշանակ է, որ նման պարագայում որևէ բան չի կարող սպառնալ: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք», – արձագանքեց «Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Երկար բանավեճերից հետո նախագիծը դրվեց քվեարկության և, ստանալով 28 կողմ, 10 ձեռնպահ ձայն, չընդունվեց: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.
«Սա Անկախ Հայաստանի ամնախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը»:
Հայտարարությունից հետո Շարմազանովը լքեց դահլիճը: