Ակնկալում եմ 100 հազարից ավել ձայն. Մարուքյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ցուցակը ներկայացնելու է վաղը՝ և՛ ԿԸՀ-ին, և՛ հանրությանը։ Անակնկալներ չեն սպասվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ ստանալու մեր բաժին պատասխանատվությունը։ Թե այդ պատասխանատվությունը ինչ կկոչվի՝ իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն, դա որոշելու է հանրապետության քաղաքացին, և ես կզարմանայի, որ ինչ-որ ուժեր պայքարեն ընդդիմություն լինելու համար։ Մենք պայքարում ենք մեր բաժին իշխանության համար, մեր բաժին պատասխանատվության համար։ Դա քանի՞ մանդատ է, 10 մանդա՞տ է, 12 մանդա՞տ է, 15 մանդա՞տ է․ կորոշի ՀՀ քաղաքացին։ Հենց գանք, հասնենք խորհրդարան, առաջին նիստը բացվի, ես կհայտարարեմ՝ մենք ինչ ենք՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն»,- ասաց Մարուքյանը։
Այն ակնարկին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ակնկալում է ունենալ քվեների 70 տոկոսը, Մարուքյանը պատասխանեց, որ իրենք էլ ակնկալում են լինել խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը։