Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում ՌԴ նախագահը, ամբողջությամբ աջակցում են Հայաստանում կոռուպցիայի դեմ մեր պայքարին. վարչապետ (տեսանյութ)
Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում ՌԴ նախագահը, ամբողջությամբ աջակցում են Հայաստանում կոռուպցիայի դեմ մեր պայքարին: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ռուսաստանը կարող է միջամտել Հայաստանի ներքին գործերին, Փաշինյանը պատասխանել է, որ շատ է խոսվել Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության մասին, որն իբր, ապացուցում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը:
«Թույլ տվեք ասել, որ Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ երկիր է, որքան օրինակ, Ֆրանսիան: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ես ինձ համարում եմ Հայաստանի ինքնորոշման երաշխավորը: Ես ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում Ռուսաստանը, ամբողջությամբ հարգում են Հայաստանի անկախությունը: Ես բացարձակ ճշգրտությամբ կարող եմ ասել, որ ռուսական իշխանությունները, այդ թվում ՌԴ նախագահը, ամբողջությամբ աջակցում են կոռուպցիայի դեմ մեր պայքարին»,-ընդգծել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանում շարունակվում են կոռուպցիոն իրավախախտումների հետաքննությունները ինչպես ռուսական, այնպես էլ ֆրանսիական ու գերմանական ընկերությունների հետ կապված: