Ֆիլիպիններում և Թայվանում մոլեգնող «Մանգհութ» հզոր թայֆունի հետևանքով մարդկային կորուստներ են գրանցվել
Սեպտեմբերի 15-ին Ֆիլիպիններին է մոտեցել «Մանգհութ» կործանարար թայֆունը, որի հետևանքով արշիպելագի ամենամեծ՝ Լուսոն կղզում 14 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ևս մեկ մարդ ջրհեղեղի հետևանքով զոհվել է Թայվանում: Ճապոնական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ «Մանգհութ» սուպերթայֆունն ամենահզորն է 2018 թվականին ձևավորված թայֆուններից: Այն տեղաշարժվում է 170-260 կմ/ժամ արագությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թայֆունի հետևանքվ սողանքներ և փլուզումներ են տեղի ունեցել Կագայան նահանգի Բագգաո քաղաքում, որտեղ էլ գրանցվել են մարդկային կորուստները: Պաշտոնյաների խոսքով՝ մոտ 1000 տուն լուրջ վնասներ է կրել: Տներ են վնասվել նաև Ալկալա քաղաքում: