«Իմ քայլը» դաշինքն իր համակիրներին կոչ է անում դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում
Կոչ ենք անում մեր համակիրներին «Իմ քայլը» դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում։ Այս մասին ասված է «Իմ քայլը» դաշինքի Facebook - ի էջում արված գրառման մեջ.:
«Միևնույն ժամանակ, պարտավորվում ենք ընտրություններից հետո կամավորականների ներգրավմամբ մաքրել քաղաքը ոչ միայն մեր, այլ նաեւ մյուս քաղաքական ուժերի քարոզչանյութերից»,-նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը սոցցանցում լուսանկարներ էր հրապարակել եւ գրել. «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում: Քիչ է, որ մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում:
Երկու դաշինքներին էլ կոչ եմ անում խստորեն պահպանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները եւ մրցել օրենքի սահմաններում»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն եւ դաշինք: Ֆավորիտներ են համարվում «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը: