«Ադրբեջանը և Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Հայկ Բաբուխանյանը:
Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր հարթություններում և հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:
Քննարկվել են մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս առումով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով. «Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով: