Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու հանգամանքները. ՔԿ
Քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։