Թենեսիում 9 տարում առաջին անգամ մահապատիժ են իրագործել
ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանությունները 2009 թվականից հետո առաջին անգամ մահապատիժ են իրագործել, հայտնում է Tennessean պարբերականը:
Դատավճիռն իրագործվել է մահապատժի դատապարտված Բիլի Ռեյ Այրիկի նկատմամբ, որը 1985 թվականին բռնաբարել և սպանել էր 7-ամյա աղջկա:
Այրիկը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով և մահացած է հայտարարվել: Նա 59 տարեկան էր:
«Ես ցանկանում եմ միայն ասել, որ իսկապես ափսոսում եմ: Եվ սա…սա ամենն է»,- պարբերականը մեջբերել է դատապարտյալի վերջին բառերը:
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր Այրիկի խնդրանքը դատավճռի կատարումը մի քանի ժամով հետաձգելու մասին:
Պատիժը կրելու 32 տարիների ընթացքում նա բազմիցս է դատարանին դիմել դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքով՝ վկայակոչելով հոգեկան առողջությունը և այն, որ մահացու ներարկման բաղադրության մեջ մտնող դեղամիջոցների օգտագործումը խախտում են իր սահմանադրական իրավունքները:
Դատարանը վերջին անգամ նրան ընդառաջ էր գնացել 2014 թվականին:
Պարբերականի տեղեկություններով՝ Թենեսիում սա 1916 թվականից ի վեր 133-րդ մահապատիժն է:
Նահանգի Գերագույն դատարանը հունվարին ևս երկու մահապատժի իրագործում նշանակել է այս տարվա հոկտեմբերին եւ դեկտեմբերին: