Լևոն Բարսեղյան.«Այսօր ճիշտ պահն է, երբ կարելի է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ կերպով կյանքի կոչել»
Այսօր ճիշտ պահն է, երբ կարելի է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ կերպով կյանքի կոչել, «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա նշեց, որ շատ կարևոր է, որ Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը չունենան պլան Բ այն մասին, որ հակահեղափոխությունը հանկարծ կարող է հաղթել:
«Չի լինելու նման բան: Ուզում եմ, որ ըմբռնումով վերաբերվեն ՀՀ նոր կառավարության սխալներին, դրանք առայժմ դիտավորություններ չեն: Ես էլ եմ դժգոհ բազմաթիվ նշանակումներից, բայց պետք է հաշվի առնել, թե ինչ ավերակ է ժառանգություն ստացել նոր իշխանությունը»,- նշեց նա:
Բարսեղյանն ասաց, որ իդեալական իշխանություն չկա, բայց այս և նախորդ իշխանությունների միջև կան տարբերություններ: «Իշխանության անկանխատեսելիությունը փոխարինվեց կանխատեսելիությամբ:
Սա շատ կարևոր տարբերություն է: Կոռումպացված իշխանության փոխարեն ունենք առայժմ չկոռումպացված իշխանություն: Ցինիկ իշխանության փոխարեն ունենք համեստ իշխանություն: Ցինիզմի մասին կարելի է դասագիրք գրել, ասում էին՝ ՀՀԿ-ն Հայաստանին արև բերող կուսակցություն է: Այդ ցինիմզը, այդ լկիտությունը, մարդիկ չեն հասկացել ինչ է տեղի ունեցել»,- ասաց Բարսեղյանը:
Նա նշեց, որ նախորդ իշխանությունների օրոք Հայաստանում իրավիճակը հասել էր մի պահի, երբ պետության զավթման ու կոռուպցիայի խոշոր մասնագետները արդեն փոխարինվում էին համալասարանն ավարտած կոռուպցիոներներով:
«Դեմքի լուրջ արտահայտութմանբ, ԵՄ-ից, ԱՄՆ-ից դրամաշնորհներ ու զանազան օժանդակություններ հայթայթերով՝ ձևական ծրագրեր էին իրականացնում, զեկույցներ էին կազմում, զեկուցում էին, որ ամեն ինչ լավ է, երկրը գնում է առաջ: Եվ արհեստականորեն հակադրում էին ազգային անվտանգությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին: Այդ մարդիկ չիմացան, որ սա է ճիշտը՝ ունենալ մարդկանց կամքով ձևավորված իշխանություն, որը պետք է ծառայի մարդկանց: Չի ծառայի, պիտի գնա տուն, ով ուզում է լինի»,- նշեց նա: