Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ օրենքի փոփոխութունները պայմանավորված են Սահմանադրական փոփոխություններով:
Նրա խոսքով՝ սահմանվել են մի շարք դրույթներ, որոնց հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերը համապատասխանեցնել սահմանադրության նորմերին. «Սահմանվում է, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: Այս առումով փոփոխություններ են կատարվել օրենքում, ըստ որի՝ սահմանվել է կենդանի և դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու վերաբերյալ արգելք»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանին. «2005 թվականի Սահմանադրությամբ՝ արգելված էր օրգանների և հյուսվածքների առք ու վաճառքը: 2015 թվականի Սահմանադրության խմբագրմամբ գրված է, որ շահույթն է արգելված: Սրանց տարբերությունը գործնականում ինչպե՞ս է որոշվելու, մենք չե՞նք քրեականացնի ցանկացած տրանսպլանտացիա, որովհետև մասնագետը, որը կարող է դիակից վերցնել աչքի եղջերաթաղանթ, կդադարեցնի դրանով զբաղվել, որովհետև ցանկացած արժեքի ավելացում շահույթ է՝ ըստ այս օրենքի և Սահմանադրության: Չե՞ք կարծում, որ այստեղ Սահմանադրության նոր փոփոխությունները հակասում են հանրային շահին: Պետք է դոնորությունը զարգանա»:
Ի պատասխան՝ Մ. Մարգարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որովհետև ստույգ սահմանվել է, այսինքն՝ «շահույթ» բառը ստույգ բացվել է՝ ինչ է նշանակում այդ հասկացությունը: Սա դոգմա չէ, կարելի է առաջարկներ անել, և փոխել օրենսդրական դրույթները»: