ՀՀԿ-ականների «ինովացիոն» լուծումից հետո կարտոֆիլի գները թռել են, այս դեպքում ի՞նչ ուտեն աղքատները. Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարությանը
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել:
«Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են»,-ասաց նա և հարցրեց, թե այս դեպքում ի՞նչ ուտեն աղքատները:
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նաև պատասխանի մի քանի տարբերակ. «Խառը կանաչի, որ էժանացել է 48.5%-ով, սխտոր, որ էժանացել է 22.2 %-ով, կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 %-ով և տաքդեղ՝ 11.1%-ով»:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ շնորհակալություն հայտնեց ԱՎԾ տվյալները ներկայացնելու ու տարածելու համար. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին: Եթե նրանք չկարողանան դա անել, Ձեր կողմից տրամադրված ապրանքները վերցնելու հիմք կհանդիսանան»:
Փաշինյանն արձագանքեց, թե անընդհատ ասվում է, որ 2.6 տոկոս է գնաճը, սակայն մեծ թանկացումների հետ համադրել են իր նշած ապրանքների գնանկումը:
«Որ ասում եք 2.6%, ես պատկերավոր ցույց տվեցի, թե ինչպես է ԱՎԾ-ն մանիպուլյատիվ կերպով դարձրել գնաճը 2.6 տոկոս»,-ասաց նա:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հունվարի 23-ին կայանալիք լսումների ժամանակ ԱՎԾ-ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մոթոդաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը: «Վստահեցնում եմ, որ նույն մեթոդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, և այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»,-ասաց նա: