Ոստիկանները նույնպես հայեր են, որոնք կանգնած են այնտեղ և կատարում եմ իրենց պարտականությունները. հոգեբան (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն իրենց խոսքն ու գնահատականը տվեցին վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, և թե խնդիրն ինչպիսի հոգեբանական ազդեցություն է ունեցել հասարակության վրա:
ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը նշեց, որ ինքը իրավաբան չէ և չգիտի նույնիսկ, թե ինչ օրենքներ կան, բայց, այնուամենայնիվ, նա նշեց, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Միանշանակ բոլորին պետք է վերաբերվեն որպես հայ մարդու: Սխալներ են թույլ տվել, ապա միևնույն է՝ նման հարցերն այդպիսի մակարդակով չեն լուծվում: Մենք հոգեբանական շատ վատ վիճակում ենք: Մենք իրավունք չունենք մեր պետությունում, մեր հայ ազգում նմանատիպ իրավիճակ թույլ տալ: Ուրեմն ինչ-որ հարցում թերացել ենք մենք՝ բոլորս, որ այսօր այսպիսի վիճակում ենք: Սա անհարմար է մեր՝ հայ ժողովրդին համար, և վայել չէ, որ անկախության 25-ամյակին այսպիսի իրավիճակ ստեղծվի ՀՀ-ում»,- ասաց Փարավոն Միրզոյանը:
Մյուս բանախոս Միհրդատ Մադաթյանի խոսքով` հայ ազգի հոգեվիճակը շարունակական է: «Մենք այսօր ունենք մի բան, որը ոչ թե սկիզբ առավ, այլ՝ սկսեց արծիվանալ ապրիլյան պատերազմի ժամանակ: Իրականում, բողոքը կուտակված կար ժողովրդի մեջ և ինչ-որ ձևով պետք է արտահայտվեր: Հիմա մենք ունեցանք աննախադեպ միջադեպ, որը կարող ենք ասել շարունակական պրոցես է: Իհարկե, ձևը, որով դա արտահայտվեց՝ ընդունելի չէ: Հիմա այդ բողոքը արտահայտվում է հետևյալ կերպ. ժողովուրդը ոստիկանության մեջ տեսնում է իշխանության դեմք, ոստիկանույթան դեմ տրամադրվում է թշնամաբար: Իրականում, այդ ոստիկանները նույնպես հայեր են, որոնք կանգնած են այնտեղ և ի պաշտոնե, իրենց պարտականությունն են կատարում, և երկու կողմից էլ տեղի են ունենում որոշակի անվայել իրավիճակներ»,- ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նրա պնդմամբ՝ խնդիրն այն է, որ այս իրավիճակում չկան լիդերներ՝ ոչ՛ ժողովրդի կողմից, ոչ՛ էլ կառավարության, որպեսզի երկխոսություն տեղի ունենա:
«Այն ստրուկտուրան, որը չունի լիդեր՝ դատապարտված է քայքայման, և, եթե շուտափույթ լիդերներ չձևավորվեն և երկխոսություն չլինի, ապա այս ամբողջ շարժումը կարող է վերածվել քաոսի, որը, ոչ ոքի դուր չի գա»,- ասաց հոգեբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: