Իրանը չի նախատեսում «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում համագործակցել ԱՄՆ-ի հետ
Իրանը չի նախատեսում «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում համագործակցել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրանը պայքարելու է ահաբեկչության դեմ, որտեղ էլ որ նշմարվեն դրա դրսևորումները: Եվ, եթե աշխարհի որևէ երկիր դիմի ԻԻՀ-ին՝ այդ պայքարում օգնության խնդրանքով, ապա այդ օգնությունը կտրամադրվի», – ընդգծել է Ռոուհանին:
Ըստ նախագահի՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է գործակցել ցանկացած պետության հետ, որ ցանկանում է վերջ դնել ահաբեկչությանը: «Սակայն ես չեմ տեսնում, որ ԱՄՆ-ը լրջորեն տրամադրված լինի այդ չարիքի դեմ պայքարում», – նշել է Իրանի ղեկավարը: Այս մասին գրում է BBC-ն: