Ստամբուլի օդանավակայանը կանվանակոչեն Էրդողանի անունով
Ստամբուլի երրորդ օդանավակայանը հնարավոր է վերանվանակոչեն Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով, այն բանից հետո, երբ 10.08.2014թ-ի նախագահական ընտրություններին Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրվեց վարչապետ Էրդողանը: Այս մասին հաղորդում է թուրքական Akşам թերթը:
Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովային գործերի նախարար Լյութֆի Էլվանը խուսափել է այս հարցին տալ ուղղակի պատասխան: «Ես կարծում եմ, որ անկախ այն բանից` ինչ կանենք մենք մեր վարչապետի համար, դեռևս քիչ է»,-այսպես է լրագրողներին պատասխանել նախարարը, որից հետո լրագրողները ենթադրել են, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ իսկապես օդանավակայանը անվանակոչեն Էրդողանի անունով:
Նախարարը լրագրողների ուշադրությունը կենտրոնացրել է այն փաստի վրա, որ Էրդողանի 12 տարվա վարչապետության տարիներին Թուրքիայի ազգային եկամուտը ավելացել է ավելի քան 3.4 անգամ և շարունակում է աճել: «Բնակչության բարեկեցության աճի համար մենք պարտավոր ենք Էրդողանին»,-ասել է նախարարը: