Միներալնիե Վոդիի օդանավակայանը կասեցրել է թռիչքները՝ թռիչքուղու թերության պատճառով
Միներալնիե Վոդիի օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու թողարկումը՝ թռիչքուղու թերության պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 17.59-ին Միներալնիե Վոդի օդանավակայանում ավերվել է արհեստական թռիչքուղու միջին մասի բետոնե սալիկի մի փոքր հատված։ Խոտանի առաջացման հավանական պատճառը (մակերեսի ճեղքվածքով այտուցվածություն) ջերմային ընդարձակումն է օդանավակայանի տարածքում բացօթյա բարձր ջերմաստիճանի պայմաններում։
«Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Միներալնիե Վոդի օդանավակայանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել օդանավերի ընդունումն ու թողարկումը։ Միներալնիե Վոդի երթուղի ունեցող ինքնաթիռները վերահղվել են դեպի Մախաչկալա, Գրոզնի, Վլադիկավկազ և Ստավրոպոլ»,- հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ օդանավակայանի ծառայությունները սկսել են վերականգնել հայտնաբերված թերությունը։ Արդեն ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքուղու թերությունները վերացնելու և թռիչքները վերսկսելու համար։ Ակնկալվում է, որ թռիչքուղու գործառնական պատրաստվածությունը կվերականգնվի Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-ին։
Նշենք, որ, դատելով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, այսօր սպասվում է Մինվոդի-Երևան երկու չվերթ (տեխնիկապես՝ հունիսի 27-ին, ժամը 00:20-ին և 00:50-ին)։ Դեռևս չի հաղորդվում, թե ինչպես է կազմակերպվելու Միներալնիե Վոդիից ուղևորների մեկնումը։