Ֆիննախն ամփոփում է փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով մինչև հուլիսի 1-ն իրականացված աշխատանքները
ՀՀ վարչապետի' գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները' հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը: Տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության կրճատման նպատակով հարկ վճարողներին առաջարկվել է բարելավել հատկապես նշված ցուցանիշները.
փաստաթղթաշրջանառություն (էլեկտրոնային և թղթային հարկային հաշիվների կառուցվածք, հարկային հաշիվների քանակ, գնային քաղաքականություն),
հարկային բեռ (մաքսային արժեքի և շրջանառության նկատմամբ),
շահութահարկ, շահութաբերություն,
աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների իրական մեծության հայտարարագրում, աշխատողների թվաքանակի ճշտում:
Արդյունավետ հսկողություն սահմանելու միջոցով նպատակ է դրվել նպաստավոր պայմաններ ստեղծել հավասար տնտեսական հնարավորությունների ապահովման գործում, աջակցել կարգապահ հարկ վճարողներին: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով նախարարության և բիզնեսի տարբեր ճյուղերի ավելի քան 1000 ներկայացուցիչների միջև մայիսի 22-ից հունիսի 13-ը տեղի ունեցած ոլորտային հանդիպումների ժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջադրվել են լուծման կոնկրետ ուղղություններ: Հարկային (տարածքային) տեսչություններին հանձնարարվել է իրականացնել առանձնացված հարկ վճարողների իրազեկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել անհատական հանդիպումներ' առաջադրված խնդիրներն առավել հանգամանորեն վերանայելու և կարգավորելու նպատակով: Կանոնակարգվել է աշխատանքների ամփոփման և արդյունքների գնահատման, հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացը:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, հուլիս և հետագա ամիսների ընթացքում հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների ու իրականացված հսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքում: