Առաջացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման անհրաժեշտություն. ԵԱՀԿ գործող նախագահ
Հունիսի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին` Բաքվում ջերմ դիմավորման համար:
«Պետք է նշեմ, որ սա իմ առաջին այցն է Ձեր երկիր: Իսկ Դուք բազմիցս մասնակցել եք Շվեցարիայում տեղի ունեցող Դավոսի ֆորումին: Եվ որպեսզի հասնեմ Ձեզ, ապա ես պետք է կրկին այցելեմ Ձեր երկիր, որպեսզի ավելի խորն ուսումնասիրեմ Ձեր երկիրը և տարածաշրջանը»,-հայտնել է Բուրկհալտերը:
Բացի այդ, նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին. «Մենք գիտենք, որ մի քանի ամսում անհնար է փոխել ամեն ինչ, լուծել բոլոր հարցերը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, որի շուրջ մենք այսօր բանակցություններ ենք վարել և պետք է վարենք: Այդ հակամարտության կարգավորումը ժամանակ է պահանջում: Մենք վստահ ենք, որ պետք է քայլ առ քայլ գնանք դեպի խաղաղություն և կողմ ենք հանդես գալիս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման: Առաջարկվել է այդ հանդիպումը կազմակերպել Փարիզում: Մենք հանդես ենք գալիս այդ հանդիպումը մոտ ապագայում անցկացնելու օգտին: Դա պետք է հիմք դնի բանակցությունների նոր փուլի սկսմանը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: