Ադրբեջանի վարած քաղաքականության, դիվերսիոն գործողությունների, շահերի և հնարավոր պատերազմի մասին պարզաբանում է քաղաքագետը
Ինչպես հայտնի է վերջին ժամանակներս Ադրբեջանը բավականին ակտիվացել է և հաճախակի իրականացնում է դիվերսիոն գործողություններ և գումարած այդ ամենին կարողանում է մամուլի միջոցով ակտիվ կերպով քողարկել իր գործողությունները: Ադրբեջանի վարած ներկայիս քաղաքականության, դիվերսիոն գործողությունների, քարոզչական զանազան մեթոդների և դրանց ազդեցության մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Դանիել Շահումյանի հետ:
-Վերջին ժամանակներս Ադրբեջանը բավականին ակտիվացել է: Նկատի ունեմ իրականացվող դիվերսիաները: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
Իրականում, Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները ՀՀ˗ի և ԼՂՀ˗ի սահմանների երկայնքով ունեն սիստեմանտիկ բնույթ, և եթե հիշենք վերջին տարիների վիճակագրությունը, ապա կարող ենք փաստել, որ դիվերսիոն գործողությունների հաճախացումը կամ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացումը հիմնականում տեղ են գտնում տարվա որևէ կոնկրետ ժամանակահատվածում. պայմանավորված մուսուլմանական ինչ˗ինչ տոներով կամ որևէ հիշարժան ամսաթվով, ինչը ադրբեջանական հրամանատարությունը փորձում է «նշանավորել» սահմանում իրականացված դիվերսիոն գործողությամբ: Բացի այդ, զանազան հատուկ պատրաստություն անցնող ստորաբաժանումներ իրենց քննությունն հանձնում են նմանատիպ գործողություն իրականացնելով, ինչը գրեթե միշտ ավարտվում է անհաջողությամբ: Ցավոք սրտի մենք նույնպես ունենում ենք կորուստներ: Մյուս կողմից, դիվերսիոն գործողություններն Ադրբեջանի համար ունեն ցուցադրական և հակառակորդին (այս դեպքում` մեզ) վախ ներշնչելու, հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ: Հաճախ` դիվերսիոն գործողությունների ակտիվացման շրջանում, հայ հասարակության տարբեր շերտերում ակտիվանում են պատերազմի վերսկսման մասին քննարկումները, և դրանով պայմանավորված տագնապներն առավել ուժգնանում են: Սա նման գործողությունների հիմքում ընկած գլխավոր ակնկալիքներից մեկն է: Դիվերսիոն գործողություններն ակտիվանում են Ադրբեջանի` զինամթերքի նոր խմբաքանակների ձեռքբերումից հետո, երբ Ադրբեջանը փորձում է լրացուցիչ լարում մտցնել սահմանում՝ ցույց տալով իր պատրաստվածությունը պատերազմին: Կարճ ասած` դիվերսիոն գործողություններն ու հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտումն ադրբեջանական բանակի կողմից նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել մեր զինուժի վրա` ցուցադրելով Ադրբեջանի ենթադրյալ հզորությունն ու գերազանցությունը ԼՂՀ˗ի և ՀՀ˗ի զինված ուժերի նկատմամբ:
-Եթե հետևենք ադրբեջանական մամուլին, ապա վերջիններս բավականին ակտիվ կերպով քարոզչություն են իրականացնում. այն է՝ իրենց կողմից իրականացրած դիվերսիաները վերագրում հայկական կողմին: Ըստ Ձեզ դա ներքին վա՞խ է, թե՞ միջազգային կառույցների առաջ բարի կերպար ստանձնելու հերթական միտում:
Իրականում, Ադրբեջանն այս դեպքում հետապնդում է և́ առաջին, և́ երկրորդ նպատակը: Նախ, իր կողմից իրականացված դիվերսիոն գործողությունները, հրադադարի խախտման դեպքերը վերագրելով հայկական ուժերին` Ադրբեջանը ձգտում է միջազգային հանրության և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող երկրների մոտ Հայաստանին ներկայացնել որպես ագրեսորի և բանակցային գործընթացի սկզբունքներն արհամարհող երկրի: Այս գործընթացն, իհարկե, նույնքան զուրկ է ողջամտությունից, որքան Ադրբեջանի ամենաբարձրաստիճան այրերի կողմից հնչեցվող հայտարարությունները ոչ միայն Ղարաբաղի, այլև «Ադրբեջանական պատմական մյուս տարածքների» (ՀՀ˗ի ներկա տարածքի մեծագույն մասը) ազատագրման մասին:
Մյուս կողմից, պետք է նշել, որ ադրբեջանական բանակում առկա են կարգապահական և կանոնադրական էական խնդիրներ, որի պատճառով այնտեղ տեղի ունեցող զինծառայողների մահացության ու այլ բնույթի միջադեպերը բավականի տարածված երևույթներ են: Այդ ամենն ունի պաշտոնական մեկնաբանության և բացատրության անհրաժեշտություն, ինչը և արվում է. շատ հաճախ մեղքի գլխավոր բաժինը բարդելով «ագրեսոր հարևանի»` ՀՀ˗ԼՂՀ˗ի վրա: Սովորաբար, դիվերսիոն գործողությունների արդյունքում մահացած ադրբեջանցի զինծառայողների կորստյան դեպքը պաշտոնապես մեկնաբանվում է կա́մ որպես ինքնասպանություն, կա́մ ուղղակի մեղադրանքը բարդվում է մեզ վրա, իբրև թե հայկական զինուժն է խախտել հրադադարը:
- Ըստ Ձեզ ներկա պահին Ադրբեջանն ի՞նչ առավելություններ ունի մեր նկատմամբ:
Կարծում եմ, Ադրբեջանի ամենաէական առավելությունը մեր նկատմամբ ներկա պահին կայանում է ռեսուրսների անհավասարության մեջ: Նավթագազային պատշաճ ռեսուրսները Բաքվին հնարավորություն են տալիս միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալ, ինչը շարունակվող սպառազինությունների մրցավազքի պայմաններում ավելի քան շահեկան չէ ՀՀ˗ի համար: Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի կխուսափեմ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ձեռք բերվող թանկարժեք սպառազինությունների արդյունավետության վերաբերյալ, սակայն, պետք է նշել, որ Ադրբեջանն ունի թե́ որակյալ մասնագետների պակաս` տվյալ սպառազինությունները արդյունավետ շահագործելու համար և թե́ ռազմաճակատի տեղանքին առավել հարմար և օգտագործման տեսանկյունից առավել արդյունավետ սպառազինությունների ձեռքբերման խնդիր:
-Ձեր կարծիքով ներկա վիճակը կապված դիվերսիաների հետ հնարավո՞ր է ի վերջո հանգեցնի լայնամասշտաբ բախումների:
Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը խորքային է և պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտությամբ: Ավելին, ղարաբաղյան հակամարտությունը հետևանքն է այն խորքային կոնֆլիկտի, որը պայմանավորված է հայերի և «ադրբեջանցիների» քաղաքակրթական անհամատեղելիությամբ: Դիվերսիոն պոռթկումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում հայ˗ադրբեջանական զորքերի շփման գոտում, վկայությունն են այն բանի, որ «հրաբուխը» դեռ չի հանգել և կարող է երբևէ նորից ժայթքել: Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները և տարածաշրջանային զարգացումներն այնքան էլ չեն խոսում այն մասին, որ մոտ ժամանակներս հակամարտության ակտիվ ռազմական փուլը կարող է վերսկսվել: Դա չի բխում առաջին հերթին Ադրբեջանի բիզնես շահերից, քանզի այն միջազգային կորպորացիաները, որոնք ներգրավված են ադրբեջանական նավթի և գազի արդյունահանման գործընթացում և այս երկրին ապահովում են միլիոնավոր դոլարների շահույթ, բնավ շահագրգրռված չեն, որպեսզի տարածաշրջանում ռազմական բախում տեղի ունենա, քանզի, դա կվնասի նրանց տնտեսական շահերին:
Մյուս կողմից, խնդրի վերջնական կարգավորումը, թվում է, թե ձեռնտու չէ նաև տարածաշրջանի ամենաակտիվ դերակատարներից մեկին` ՌԴ˗ին, քանզի, առկա խնդիրները վերջինիս ապահովում են տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու հարատև հնարավորությամբ, մինչդեռ ղարաբաղյան հակամարտության լուծումն Ադրբեջանին և հատկապես Հայաստանին կդարձնեն առավել անկախ և ինքնուրույն ռուսական քաղաքականությունից: Բացի այդ, պետք է հիշել, որ 1990-ականների սկզբում՝ կապված ռազմաճակատում Ադրբեջանի կրած անհաջողությունների հետ, այդ երկրում 2 անգամ իշխանափոխություն տեղի ունեցավ, ուստի Ղարաբաղում ևս մեկ անգամ կրած պարտությունը կարող է լուրջ ճգնաժամի առաջ կանգնեցնել Ադրբեջանում Ալիևների իշխանությունը: Մինչդեռ վստահաբար կարելի է ասել, որ վերջին 20 տարիների ընթացքում` Ալիևների իշխանության տարիներին, առավել շատ ջանքեր են գործադրվել սեփական իշխանությունն Ադրբեջանում ամրապնդելու, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» ուղղությամբ:
Սակայն, կարծում եմ, որ պատերազմի վերսկսումը ՀՀ˗ի և Ադրբեջանի միջև միանգամայն հավանական է, քանզի ստեղծված պայմաններն առավել անբարենպաստ են ՀՀ˗ի համար և դատելով ստատուս քվոյի քարացած բնույթից ու Հայաստանի տնտեսության ու քաղաքական կայացման վրա ունեցած կործանարար ազդեցությունից, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրության մեջ շոշափելի ու արմատական տեղաշարժեր հնարավոր է մտցնել միայն ռազմական գործողությունների վերսկսմամբ: Կարծում եմ, որ պատերազմի վերսկսումը Ադրբեջանի և հայկական պետությունների միջև միջնաժամկետ հեռանկարում կանխատեսելի է:
Գայանե Մելիքյան