Այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է
Ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան)։Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գործը՝ «Գարնանամուտ» անվանմամբ բանաստեղծությունն է, հրատարակվել է 1935թ.-ին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ. Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։
Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Սովետական Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թ.։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։