Այսօր հանրահայտ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է
Ալլա Բորիսի Պուգաչովա (ռուս.՝ А́лла Бори́совна Пугачёва), (ծնվ 1949թ. ապրիլի 15, Մոսկվա), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1980), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ(1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)։
Ալլա Պուգաչովան մասնակցել է Դուբլինում կայացած Եվրատեսիլ 1997 երգի մրցույթին` զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը, իր «Պրիմադոննա» երգով։
Երգչուհին մինչ այժմ էլ վարում է ակտիվ բեմական կյանք, թեև ոչ շատ ժամանակ առաջ հայտարարել էր, որ այլևս հանդես չի գալու երգերով և համերգներով, սակայն շարունակում է պրոդյուսերական իր գործունեությունը, ինչպես նաև 2014թ.-ին նորից զգացել է մայրության համը կոմիկ, ռուս էստրադային արտիստ Մաքսիմ Գալկինի հետ լույս աշխարհ բերելով երկվորյակների:
Պուգաչովայի երգացանկում կա ավելի քան 500 երգ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ֆիններեն, հրեաերեն, ուկրաիներեն լեզուներով, 100-ից ավել սկավառակներ ու ալբոմներ: Բացի Ռուսաստանից և նախկին սովետական երկրներից` երգչուհու ալբոմները թողարկվել են Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում: Դիսկերի ընդհանուր քանակը գերազանցել է 250 միլիոն օրինակը :