Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է իր ելույթները լիբանանյան հյուրախաղերի շրջանակներում
Մարտի 21-ին, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը լիբանանյան հյուրախաղերի շրջանակներում ելույթ ունեցավ Էմիլ Բուստանի համերգասրահում:
Քննադատների խոսքով՝ վստահաբար, մարտի 21-ի երեկոն կդրոշմվի հիացած ունկնդիրների հիշողություններում որպես լիբանանյան մշակութային կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը: Համերգի առաջին բաժնում նվագախմբի կատարմամբ հնչեց Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի» սիմֆոնիկ պոեմը, ապա Ռոբերտ Շումանի թավջութակի կոնցերտը (մենակատար' Անտոնիո Մենեսես (թավջութակ)): Որպես բիս մաեստրո Մենեսեսը հնչեցրեց Բախի թավջութակի առաջին սյուիտից կուրանտան Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը ներկայացրեց Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը: Երեկոյի ավարտին հանդիսատեսը հրաժարվում էր լքել սրահը և ծափահարությունների տարափով պահանջում նորանոր ելույթներ: Համերգի ավարտին բուռն ծափահարությունների ներքո հնչեց Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ն:
Հիշեցնենք, որ նվագախումբը հրավեր էր ստացել Բեյրութից՝ հանդես գալու Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում (մարտի 17-ից 24-ը), ընդ որում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Հատկանշական է, որ փառատոնի 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ պաշտոնական նվագախումբը ներկայացնում են հայաստանյան երաժիշտներ:
Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդականը հանդես կգա ևս 2 համերգով: