Մարտի 19–ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութում
Մարտի 19–ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝ Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) եւ Սաշա Չանոյ (բաս): Բեմում էին նաև Լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախբմերը:
Մաեստրո Մարչիանոն,ով աշխատել է մի քանի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ներառյալ Ջորջ Էնեսկու Ֆիլհարմոնիկը, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնեց նվագախմբին հիանալի աշխատանքի համար:
Սա երիտասարդականի առաջին համերգն էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում: Առջևում դեռ սպասվում է երեք գեղեցիկ համերգ: Մարտի 21-ին Էմիլ Բուստանի համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի»-ին, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը», մենակատար' Անտոնիո Մենեսես (թավջութակ) եւ Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել «Ալ Բուստան» միջազգային փառատոնից հանդես է գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Համերգային ծրագիրը ներառում է դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ: