Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն ու երգիչ և կոմպոզիտոր Մարտ Բաբայանը նկարահանել են«Люби» երգի հոլովակը (լուսանկարներ)
Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն ու երգիչ, կոմպոզիտոր Մարտ Բաբայանը «Люби» երգի հոլովակն են նկարահանել: Ի դեպ, երգի երաժշտության հեղինակը Մարտն է: Այն նկարահանել են փետրվարի 19-ին, Մոսկվայում: Ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Մարտի կերպարի ուղղությամբ հենց Սերժն է աշխատել, իսկ Աննայի կերպարը ստեղծել է «Трикветра» դիզայն-ստուդիան:
Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի խոսքով՝ հոլովակը նկարահանվել է Մոսկվայի լավագույն ռեստորաններից մեկում՝ «Парадайз»-ում: «Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել հաստատության ղեկավարությանը, առանձնահատուկ շնորհակալություն նաև մեր մեծ ընկերոջը՝ ռեստորանի արտ-տնօրեն Քրիստինե Խաչատրյանին»,- նշել է պրոդյուսերը:
Հոլովակի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ բացի գլխավոր հերոս-երգիչներից, տեսանյութում ուրիշ ոչ ոք չի լինելու: «Առայժմ չեմ կարող բացել բոլոր փակագծերը: Միայն նշեմ, որ նման սյուժե հայ և ռուս հանդիսատեսը դեռևս չի տեսել: Վստահ եմ, որ Սերժ Գաբյանն իր հետքն է թողնելու ռուսական շոու-բիզնեսում»,- ընդգծել է Սոֆիա Ղուլյանը:
Հոլովակի պրեմիերան նախատեսվում է Մոսկվայում, իսկ Երևանում այն տեղի կունենա մարտի կեսերին:
Լուսանկարները՝ Գարիկ Գորգյանի: