Ադրբեջանը փորձում է տապալված դիվերսիաների միջոցով պատերազմը վերսկսելու մեսիջներ ուղարկել. Քաղաքագետը' ադրբեջանական դիվերիսայի և սպասվող նախագահների հանդիպման մասին
Ադրբեջանի հակահայկական կեցվածքն ու դիրքորոշումը նորություն չէ: Սակայն Ադրբեջանն իր միֆերի և զանազան ստահոդ տեղեկատվության միջոցով կարողանում է ազդել միջազգային հանրության կարծիքի վրա: Բացի այդ, Ադրբեջանն անհանգստացած է ՀՀ-ի ՄՄ-ը մտնելու հարցով: Դիվերսիաներ, տեղեկատվական պատերազմներ. Իսկ այս ամենը նախագաների հանդիպումից առաջ: Վերը նշված հարցադրումների շուրջ փորձել ենք ներկայացնել նաև երիտասարդ քաղաքագետների կարծիքը: Մասնավորապես այս թեմայի շուրջ Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Տարածաշրջանային քաղաքականություն մագիստրոսական ծրագրի ուսանող' երիտասարդ քաղաքագետ Աննա Բարսեղյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Ինչպես հայտնի է Ադրբեջանը մշտապես աչքի է ընկնում իր հակահայկական կեցվածքով, ինչպես նաև փորձում ամեն կերպ փորձում Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր: Ի՞նչ կասեք այս մասին: Ի՞նչ է փորձում ապացուցել Ադրբեջանը:
Ադրբեջանի նման կեցվածքը բնական է: Երբ երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում, ապա պայքարը ծավալվում է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև բոլոր այն հարթություններում, որտեղ հնարավորություն կա մարտնչելու: Իսկ ասյօր'տեղեկատվական դաշտում պայքարը ոչնչով չի զիջում զինված բախումներին: Ահա այս համատեքստում Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար ստեղծել ագրեսոր երկրի իմիջ, ինչն ամբողջովին տեղավորվում է պատերազմական տրամաբանության մեջ: Այն հիմնականում ուղղված է երկու լսարաններին: Առաջինն իրենց ներքին լսարանն է, որով փորձում են զգոն և կոնսոլիդացված պահել սեփական ժողովրդին: Երկրորդը' միջազգային լսարանն է: Այս դեպքում հարկ է տարանջատել թիրախներին: Մի կողմից Ադրբեջանն աշխատում է միջազգային քաղաքական դաշտի սեկտորների վրա, իսկ մյուս կողմից' մեծ գումարներ է ծախսում միջազգային հանրության առաջ Հայաստանի անունը սևացնելու համար: Այս կերպ Ադրբեջանը պարզապես փորձում է ստեղծել ագրեսոր երկրից տուժածի կերպար և արդարացնել հնարավոր պատերազմում իր նախահարձակ լինելը: Երբ միջազգային հանրությունը և սեփական ժողովուրդը հավատան Հայաստանի ագրեսոր լինելու միֆին, ապա Ադրբեջանի գործողությունները կդիտարկվեն պաշտպանողական:
-Ադրբեջանական կողմը դիվերսիայի է դիմում փետրվարին սպասվող նախագահների հանդիպումից առաջ: Գուցե նման քայլը մեսի՞ջ է հանդիսանում:
Եթե հետևենք գործողությունների տրամաբանությանը, ապա օրինաչափություն է, որ դիվերսիաների քանակն ավելանում է հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանի քաղաքական խճանկարում լուրջ տեղաշարժեր են կատարվում, որոնք կարող են ազդեցություն ունենալ Արցախյան կոնֆլիկտի լուծման վրա: Սեպտեմբերի երեքի ՀՀ նախագահի հայտարարությունը միանալու Մաքսային միությանը Ադրբեջանի համար դարձել է նման գործոն , ուստի պատահական չեն այդ ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ դիվերսիաները և խաղաղ բնակչության վրա կրակահերթեր բացելու փաստը: Ադրբեջանը լավ է գիտակցում, որ ՀՀ-ն առանց Արցախի չի մտնելու ՄՄ-ի մեջ, իսկ Արցախի անդամակցությունը այդ կառույցին նշանակում է, որ անդամ երկրները դե ֆակտո ճանաչում են Արցախին կամ որպես ինքնուրույն սուբյեկտ, կամ որպես Հայաստանի մի մաս: Անշուշտ, այդ ամենն անընդունելի է Ադրբեջանի համար, և նա փորձում է տապալված դիվերսիաների միջոցով պատերազմը վերսկսելու մեսիջներ ուղարկել: Ապագայում կանխատեսելի ' որքան մոտենա ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցելու պահը, այնքան այդ դիվերսիաների քանակը կավելանա:
-Հետևելով ադրբեջանական կայքերին կարելի է նկատել, որ իրենք բավականին ակտիվ կերպով են արձանգանքում Հայաստանում տեղի ունեցող ցանկացած դեպքին, իհարկե, իրենց ձեռնտու կերպով: Ձեր կարծիքով միջազգային հանրության համար առավել հավաստի աղբյուր կհանդիսանա հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական մամուլի ներկայացրած տեղեկատվությունը:
Արձագանքելու տեսանկյունից մենք ևս բավականին արագ ենք արձագանքում մեր հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձություններին , և դա բնական է:
Առաջնորդվելով տեղեկատվական պատերազմի սկզբունքներով' առավել հավաստի է այն աղբյուրը, որն առաջինն է տեղեկատվությունը տարածել: Այլ կերպ ասած, առաջինը լինելու էֆեկտը որոշիչ է: Անկախ նրանից' կողմերից ով է ճիշտ երկրորդն արձագանքողը ստիպված է հերքել ինֆորմացիան, արդարացնել իր դեմ ուղղված մեղադրանքները: Իսկ երրորդ աչքի համար արդարանում են մեղավորները: Պետք է հաշվի առնել, որ միջազգային հանրությունը տաբուլա ռասա է, ով ոչինչ չգիտի այս կոնֆլիկտից, ուստի ով հասցրեց այն լցնել ինֆորմացիայով, նրան էլ կվստահեն:
Այդ ամենը կարող ենք նկատել նաև միջազգային քաղաքական գործիչների հայտարարությունների մեջ: Դիվերսիաների կամ նման դեպքերում նրանք հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու կողմերին էլ խաղաղության կոչ անում' անկախ նրանից, թե ով է մեղավորը: Ուստի պետք է ոչ միայն սահմանին , այլև տեղեկատվական հարթությունում միշտ զգոն և աչալուրջ լինենք:
-Ի՞նչ սպասել առաջիկայում սպասվող նախագահների հանդիպումից: Հնարավո՞ր է արդյոք որևէ փոփոխություն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումն առաջինն էր երկար ընդմիջումից հետո, ուստի դրա ընթացքում քննարկվեցին ընդհանուր բովանդակային հարցեր: Կարծում եմ, այս հանդիպման ընթացքում շեշտը կդրվի որոշ խնդիրների ավելի մանրամասն քննարկման վրա: Սպասելի է, որ այդ խնդիրների թվում կլինեն Արցախի ՄՄ-ին անդամակցելու հարցը: Որքան էլ Ալիևը հոխորտացող հռետորաբանություն ցուցաբերի, որպեսզի սեփական ժողովրդին ցույց տա, որ պայքարում է Արցախի համար, այունամենայնիվ, այս հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Ալիևը կփորձեն լռելյայն համաձայնության հասնել այս հարցի շուրջ: Ըստ իս' հանդիպման գլխավոր թեման և քննարկումների առանցքում կլինեն տարածաշրջանում և Արցախում սպասվելիք հենց այդ փոփոխությունները: Եթե Ալիևի հետ հնարավոր լինի համաձայնության գալ Արցախի Մաքսային միությանն անդամակցելու հարցում, ապա դա իսկապես մեծ տեղաշարժ կլինի բանակցային գործընթացում: Այդպիսով, Ալիևը կընդունի Արցախի և Հայաստանի միասնությունը; Կարելի է ակնկալել, որ այդ և նմանատիպ խնդիրներով պայմանավորված, զանգվածային լրատվամիջոցների համար կրկին հասանելի չեն լինի հանդիպման մանրամասները: Նման հարցերում ավելորդ ոգևորվածությունը կարող է միայն կատաղեցնել հակառակորդին և խանգարել գործին:
Զրուցեց Գայանե Մելիքյանը