Այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:
Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:
Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:
Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:
Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել իբր՝ բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում մի խումբ անձինք կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:
Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով, բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
Ու այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:
Ու այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են»: