Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ:
«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում հայ բանտարկյալների շարունակական ապօրինի կալանքի վերաբերյալ: Մարդկանց պատանդ վերցնելն ու պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 2020թ. նոյեմբերից մինչև 2023թ. հոկտեմբեր, Ադրբեջանն անօրինական կերպով գերեվարել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, նախկին և ներկա պաշտոնյաների և զինվորականների. «Նրանցից շատերը, ինչպես փաստագրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի»:
«Մենք վերահաստատում ենք ապօրինի կալանավորված բոլոր անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու պահանջը: Անձանց երկարատև կալանքը, որն ուղեկցվում է իրավական պաշտպանության խախտումներով, խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունը նաև կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը և հորդորում է բոլոր կողմերին՝ կատարել իրենց իրավական պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում:
«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն և ժողովրդին, ինչպես նաև այս իրավիճակից տուժած բոլոր մարդկանց, և վերահաստատում է արդարության ու խաղաղությանն ուղղված իր հանձնառությունը», – եզրափակում է հայտարարությունը: