Կուտակումների, զորքում տեղաշարժերի մասին լուրը ՊՆ-ն չի հաստատում. Պապիկյան

Մամուլում շրջանառվող ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքում տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լուրին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժեր կա՞ն:
Պապիկյանը հավելեց՝ որպեսզի նման գնահատական տա, պետք են հետախուզական տվյալներ, իսկ այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ:
«Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն էч ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։