Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով չվերթեր են չեղարկվել

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի լեռան հրաբուխը է՝ 8 կմ-անոց մոխրի սյուն արտանետելով երկինք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։
Հրաբուխը մարտի 20-ի ուշ երեկոյան ժայթքել է 11 րոպե 9 վայրկյան, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի առավելագույն աստիճան։
Բալիի օդանավակայանից մեկնող առնվազն յոթ չվերթ չեղարկվել է, մի քանի չվերթ՝ հետաձգվել։
Հաղորդվում է, որ մոխրի սյունը շատ մեծ խտություն է ունեցել։ Մոտակա գյուղերը չեն վնասվել, սակայն իշխանությունները բնակիչներին զգուշացրել են անձրևների պատճառով հրաբխային սելավի հավանականության մասին։
2024 թ. նոյեմբերին Լևոտոբի Լակի-Լակին մի քանի անգամ ժայթքել էր՝ 9 մարդու կյանք խլելով, հազարավոր մարդկանց ստիպելով տարհանվել։